«Օրինաց երկիր» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություն չի ներկայացրել համապատասխան մասնագիտական հանձնաժողովին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նույնանուն խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Խոսքը գնում էր այն մասին, որ կլինեն նախագծեր, բայց դեռևս նախագծեր չեն ներկայացվել: ՕԵԿ-ն ի սկզբանե ասել է, որ մենք կմասնակցենք քննարկումներին` անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի դիրքորոշում է ցուցաբերվում: Քննարկումներ, որոնք վերաբերում են ՀՀ ազգային կարևորագույն խնդիրներին, իսկ սահմանադրական ցանկացած բարեփոխում այդպիսին է: Պետք է մասնակցել և ներկայացնել սեփական կարծիքը: Դեռևս ոչ մի նախագիծ չկա ներկայացված: Սպասում ենք նախագծերի ներկայացմանը, այն ժամանակ նոր հնարավոր կլինի խոսել»,- ասաց Մ.Շահգելդյանը:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին սահմանադրական բարեփոխումների շրջանակներում մի շարք կուսակցություններ, այդ թվում` ՕԵԿ-ը, նախագահականում հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ: Եվ այդ փոփոխությունների վերաբերյալ իշխանությունները սպասում էին կուսակցությունների առաջարկություններին: Առաջարկությունների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 5-ն էր:







































