Գերմանիայի կառավարությունը այսօրվա նիստում որոշել է 330 գերմանացի զինծառայողներ ուղարկել Մալի՝ ԵՄ ուսուցողական առաքելությանը մասնակցելու և գրոհայինների դեմ օպերացիա իրականացնող զինծառայողներին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նախարարների կաբինետի մամլո ծառայության ներկայացուցչին:
Դեպի Մալի զինվորականներին ուղարկելու վերջնական որոշումը կընդունի Բունդեսթագը: Ինչպես սպասվում է՝ դա տեղի կունենա փետրվարի վերջին:
Երեկ ԵՄ անդամ 27 երկրների արտգործնախարարները Բրյուսելում միաձայն որոշել էին Մալիի բանակի անձնակազմը ուսուցանելու և վերակազմակերպելու ԵՄ առաքելության գործարկման մասին: Ինչպես հայտնել է ԵՄ ռազմական հանձնաժողովի ղեկավար, ֆրանսիացի գեներալ Պատրիկ դե Ռուզյոն, առաքելությունը, որը կաշխատի ապրիլի սկզբից, կստանա ԵՄ մոտ 20 երկրի աջակցությունը: Առաքելությունը նախատեսված է 15 ամսվա համար: Մալիի մայրաքաղաքում տեղակայվելիք առաքելության կենտրոնակայան կուղարկվի 200-250 զինվորական հրահանգիչ, ինչպես նաև զինվորական անձնակազմ՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար, ընդհանուր 500 մարդ:
Խոսքը երկու մանդատի մասին է, առաջինը՝ ուսուցողական, երկրորդը՝ աջակցման: