Քրեական աշխարհի հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանության օրից անցել է մեկ ամիս: Ինչպես և ավելի վաղ կանխատեսվում էր, նրա մահը հանգեցրեց քրեական պատերազմի: Վրաստանի «օրենքով գողերը» փորձում են գրավել Ռուսաստանի հարավը: Հանգուցյալի հիմնական թշնամիներից մեկը հայտնվել է մեկուսարանում:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Ասլան Ուսոյանին «թագադրել են» 1960-ականներին: Մինչև 1990թ. նա նշանակալից ազդեցություն չի ունեցել գողերի աշխարհում: Աղբյուրներն ասում են, որ Հասանը շուտ հասկացավ շուկայական տնտեսությանն անցնելու հեռանկարները և սկսեց զբաղվել «գողական» տեսանկյունից վտանգավոր աշխատանքով՝ շրջաններ ուղարկեց վերահսկվող անձանց, որոնք այնուհետև դարձան ձեռնարկատերեր:
ԶԼՄ-ները նաև նշում են, որ քրեական աշխարհի ներկայացուցիչների մեծ մասը զգուշություն է ցուցաբերել Հասանի հանդեպ: Որոշ տվյալների համաձայն՝ 80-ական թթ. քննարկվել է նրան «թագից զրկելու» հարցը, սակայն 90-ական թթ. Հասանը սկսում է իրեն պահել ժամանակի հոգուն համընթաց և դաժան հաշվեհարդար է տեսնում հակառակորդների հետ: Ծավալվում է հակամարտություն, որի հետևանքով զոհվում են տասնյակ մարդիկ: Ամեն ինչ վերջանում է 20-րդ դարի վերջին, երբ Մոսկվայում սպանում են Հասանի թշնամիների ղեկավարին՝ «օրենքով գող» Ռուդոլֆ Օհանովին (Ռուդիկ Բաքինսկի):
Դրա հետ մեկտեղ պարզ է դառնում, որ Ուսոյանը ժամանակին ճիշտ որոշում է կայացրել. դարեվերջին նրա ուղարկած բիզնես-գործակալները անցնում են նրա վերահսկողության ներքո: Այն նույն շրջանները, որոնք գահի թեկնածուներն ուժով էին վերցնում: Իսկ ավելի հստակ այդպես տեղի ունեցավ Սվերդլովի երկրամասում, որտեղ տեղի հեղինակություններ Անդրեյ Տրոֆիմովը (Տրոֆա), Կար-Օղլի Մամեդովը (Կարո) ցանկանում էին պահպանել իշխանությունը: Նրանց և Հասանի կողմնակիցների միջև հարցի լուծումն ընթանում էր սրճարաններ ավերելով, «հավաքներով», «հաշիվներ մաքրելով», որոնցից մեկը 2004թ. վերջին տեղի ունեցավ Եկատերինբուրգի այգում՝ պատգամավորների և բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
Քրեական աշխարհին հետաքրքրող բիզնես-ոլորտները բազմազան են. Մոսկվայում մինչև վերջին ժամանակներս նրանց հետաքրքրում էին Չերկիզովի շուկան և խաղատունը: Խաղատների արգելքից հետո գողերի ուշադրությունը սևեռվում է կանաչեղենի շուկայի վրա: Մոսկվայի «ամենահանցավոր» վայրերից մեկը Պոկրովսկայա բանջարեղենի բազան է: Կողմնակի անձինք չեն կարող մտնել տարածքի «ոչ պաշտոնական» մաս:
21-րդ դարի սկզբին Հասանը դառնում է ԱՊՀ երկրների երեք ամենաազդեցիկ հեղինակություններից մեկը: Հանցավոր աշխարհի երկու այլ առաջնորդներն էին Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ), որը սպանվել է 2009թ. Մոսկվայում, Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ), որը 2006թ. ազատազրկման է ենթարկվել Իսպանիայում: Դեդ Հասանը մնացել էր միայնակ:
Ուսոյանի կլանը մրցակիցներ չուներ, դրա հիմնադիրը դառնում է Ռուսաստանի հանցավոր աշխարհի ղեկավար: Հասանը չէր սիրում Վրաստանի «օրենքով գողերին»՝ «մանդարին վաճառողներին», որոնք փողով էին գնել «օրենքով գող» տիտղոսը:
Տարբերակներից մեկի համաձայն՝ ազգությամբ եզդի Ուսոյանը մեծացել է Վրաստանում և ընդհանուր լեզու չի գտել տեղացիների հետ, սակայն նա շատ լավ հիշում էր իր արմատների մասին, օգնում էր սփյուռքին, եզդիներին ներքաշում քրեական աշխարհ:
Վրաստանի «օրենքով գողերը» Ուսոյանի պատճառով հնարավորություն չեն ունեցել գործել Ռուսաստանում: Դա ձեռնտու չէր նրանց, Ուսոյանը հաճախ էր հակամարտում նրանց հետ:
2010թ. Ուսոյանի դեմ մահափորձ է կատարվում, նա վիրավորվում է, սակայն ողջ է մնում: Մահափորձը կապում էին Չերկիզովը փակելու հետ: Կասկածներ կային, որ հարձակման մեղավորներն էին ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևը (Ռովշան Լենքորանսկի), Ջամալ Միքելաձեն (Ջեմո) և Մամուկ Միքելաձեն:
Ամենահավաստի իրադարձությունը, որը տեղի է ունեցել Հասանի մահվան օրվանից, նրա թշնամի Ջեմոյի ձերբակալությունն է, որի մոտ հայտնաբերվել են նռնակներ և թմրանյութ:
Շատ բաներ են տեղի ունենում քրեական աշխարհում: Հասանի կողմնակիցները համաձայն են, որ իրենք չունեն ուժեղ առաջնորդ, որը կկարողանա զբաղեցնել հանգուցյալի տեղը: «Օրենքով գողերը» հույս ունեն, որ Ռուսաստան կժամանի Շաքրո Մոլոդոյը, որի ձերբակալության ժամկետն Իսպանիայում լրանում է:











































