Արաբկիր վարչական շրջանի մի քանի ընտրատեղամասերում` 4.33-ում, 4.31-ում, 4.23-ում, 5-24-ում, 5.25-ում մարդկանց մասնակցությունը շատ պասիվ է:
Խոսեցինք նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի վստահված անձի հետ, վերջինս ասաց, որ մարդկանց մասնակցությունը քիչ է, բայց ընտրախախտումներ չեն գրանցվել:
Տեղամասերից մեկում էլ այնքան պասիվ և հանգիստ վիճակ էր, որ հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք լուսանկարվում էին:
Մեր շրջայցի ժամանակ նկատեցինք նաև, որ եթե Արաբկիրի բոլոր ընտրատեղամասերում գործող նախագահ Սերժ Սարգսյանն ուներ վստահված անձ, ապա թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Հրանտ Բագրատյանի վստահված անձինք միմյանց կարծես փոխարինում էին՝ այսինքն մի ընտրատեղամասում միայն Հովհաննիսյանն ունի վստահված անձ, մյուսում՝ Բագրատյանը, նախագահի մյուս թեկնածուները վստահված անձ չունեին:
Ընտրախախտումներ առայժմ չեն գրանցվել, հիմնականում խնդիրը տարեց մարդկանց ընտրելու հետ է՝ նրանց օգնող տրամադրելը հաճախ ընտրատեղամասերում աղմուկ է առաջացնում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայիn ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայ» ընկերության խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Այս ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում 6-րդ նախագահական ընտրություններ են: 1991 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1996 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյան), 2003 թվական (Ռոբերտ Քոչարյան), 2008 թվական (Սերժ Սարգսյան):











































