Ավելի քան 30,000 մարդ է զոհվել Լիբիայում փետրվարի 17-ին սկսված հեղափոխության ընթացքում, անհետ կորել է մոտ 22,000 մարդ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մուհամմադ Ալ-Բարգհաթին,- փոխանցում է vz.ru-ն:
Նախարարը հայտարարել է, որ ներկայումս իշխանությունները հսկողության տակ են վերցրել շարժման ժամանակ բանակի պահեսների կորած զենքի մոտ 80%-ը: Նա նաև կտրականապես հերքել է պնդումը, թե պատերազմից հետո մնացած զինանոցը մաքսանենգների ձեռքով գնում է արտասահման,- փոխանցում է ITAR-TASS-ը:
Փետրվարի 17-ին Լիբիան նշում է իր հեղափոխության 2-րդ տարին, որը բերել է Մուամար Քադաֆիի պաշտոնանկությանն ու սպանությանը: Ամբողջ երկրում զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Իշխանությունները նախօրոք զգուշացրել են, որ նախկին վարչակարգի կողմնակիցները կարող են օգտվել տոնական մթնոլորտից, որպեսզի «քաոս սերմանեն»: Դեռ մեկ շաբաթ առաջ փակվել են հարևան պետությունների հետ սահմանները:
Ըստ էության, լիբիացիները տոնը սկսել են դեռ ուրբաթ օրը: Տրիպլիում և Բենղազիում անցկացվում են զանգվածային ցույցեր. մարդիկ նշում են «դիկտատուրայի նկատմամաբ հաղթանակն» ու փառաբանում «հեղափոխության տառապյալների» հիշատակը:
Մի շարք քաղաքներում իր կողմնակիցներին փողոցներ է դուրս բերում նոր ընդդիմությունը, որը դժգոհ է կառավարության քաղաքականությունից շատ ոլորտներում, այդ թվում` անվտանգության` պահանջելով բանակի և ուժային կառույցների դերի ուժեղացում: Բացի դրանից` Բենղազիում մարդիկ ձգտում են լայն ինքնավարության և իշխանության ապակենտրոնացման:









































