Վրացական News Georgia կայքի փոխանցմամբ, վրացական իշխանությունները շրջանային նախագծերի իրագործման համար հատկացրել են 60 միլիոն լարի (մոտ 35 միլիոն դոլար), որը բաժանվելու է երկրի բոլոր շրջաններին: Այս մասին հայտարարել է նախագահի խոսնակ Մանանա Մանջգալաձեն.
«Այդ գումարով շրջաններում վերանորոգվելու են խմելու ջրի և կոյուղու խողովակաշարերը, ճանապարհներն ու կամուրջները, ոռոգման ջրանցքները և այլ ենթակառույցներ: Ընդհանուր առմամբ, իրականացվելու է 333 նախագիծ:
Հիշյալ նախագծերի իրագործումը հնարավորություն կընձեռի այդ աշխատանքներում ներգրավել հարյուրավոր մարդկանց, որոնք բնակվում են Վրաստանի շրջաններում:
Բացի այդ, կառավարությունը մտադիր է այս ամիս գյուղերին օգնելու համար պետբյուջեից հատկացնել 40 միլիոն լարի (23 միլիոն դոլար)»:
Մանջգալաձեն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ոչ թե տեղական իշխանությունները, այլ տեղաբնակները կվճռեն, թե որ խնդիրն է անհրաժեշտ լուծել տրված գումարի շրջանակներում: