Սիրիայում կառավարական զորքերը գրոհում են ապստամբների դիրքերը՝ Հալեպի մատույցներից ոչ հեռու 3 ռազմական թռիչքադաշտերի շրջանում (Դամասկոսից 340 կմ հյուսիս): Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով «Ալ-Մայդին» հեռուստաալիքին:
Ըստ տեղեկությունների՝ այսօր դաժան մարտեր են ընթանում Նեյրաբե քաղաքից 15 կմ արևելք, որտեղ տեղակայված է 80-րդ բրիգադը, որը պաշտպանում է Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը ու դրա մոտ գտնվող ռազմաօդային ուժերի խոշոր բազան:
Սիրիացի զինծառայողների դեմ կռվում են «Մուհամմեդի բանակ», «Սուննիի ասպետներ» ու «Իսլամական միասնության բրիգադ» խմբավորման անդամները: Նրանք փորձում են շարքից հանել թռիչքուղին, որպեսզի կառավարական ուժերին զրկեն օդում գերիշխող դիրք գրավելուց:
Ռազմական աղբյուրները հաղորդում են, որ սիրական բանակը հաջող օպերացիայի արդյունքում Մանագեի ու Կուվեյրասի երկու թռիչքադաշտերից հետ է մղել ապստամբներին:
Իր հերթին, «Ալ-Ջազիրան» տեղեկացնում է Հալեպի օդանավակայանից հյուսիս՝ Խասիլի հակահրթիռային համակարգի բազայի վրա զինյալների հարձակման մասին: Դաշտային հրամանատարները պնդում են, որ գրավել են Էլ-Ջարախի ոչ մեծ թռիչքադաշտը:
Էլ-Կունեյտրա նահանգից (Դամասկոսից հարավ-արևմուտք) տեղեկություններ են հասնում ուժեղ փոխհրաձգության մասին, որտեղ ապստամբները հարձակվել են բանակային ուղեկալների վրա:








































