Facebook սոցիալական ցանցը մտադիր է կայքի փնտրման համակարգում ֆիլտրացիայի գործառույթ ներմուծել, որը դեռահասների էջերը կթաքցնի, եթե փնտրողը մեծահասակ է, հայտնում է korrespondent.net-ը:
Սոցցանցի տերերը հույս ունեն, որ նոր սահմանափակումները կօգնեն անչափահասներին պաշտպանել մանկապիղծներից և չարագործներից:
Ֆիլտրը մոտ ժամանակներս կարող է հայտնվել Facebook Social Graph նոր «փնտրման սոցիալական համակարգում», որն ամերիկյան ինտերնետ-հսկան ներմուծել է այս տարվա սկզբին:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խոսքով ՝ Social Graph-ը խոստանում է դառնալ սոցցանցի նորությունների և Timeline բաժիններից հետո երրորդ հիմնական տարրը:
Այս գործառույթը հնարավորություն է տալիս միատեղել ավանդական օնլայն-որոնումն ու ընկերների և «ընկերների ընկերների» սոցիալական տվյալները:
Սակայն շուտով օգտատերերի և իրավապաշտպանների ուշադրությունը գրավել է այս համակարգի մի կարևոր տարր. նոր ալգորիթմը հնարավորություն է տալիս համատեղել օգտատիրոջ մասին սոցիալական, աշխարհագրական և շատ այլ տվյալներ: Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք շատ ուշադիր են վերաբերվում այն ամենին, ինչը վերաբերում է օգտատերերի տարիքին: Եթե կասկած առաջանա, որ օգտատիրոջ տարիքը ճիշտ չէ նշված, էջը կփակվի մինչև դրա տերն իր ծննդյան օրով պաշտոնական փաստաթուղթ ներկայացնի:







































