Երեկ միջազգային INES սանդղակով «Ֆուկուսիմա-1»-ի վթարը հավասարեցվեց Չեռնոբիլի ատոմակայանի վթարին, ինչը պայմանավորված է ճապոնական ԱԷԿ-ում վթարի լրջությամբ: Մինչ այդ Ֆուկուսիմայի վթարը գնահատում էին 6 բալ, իսկ հիմա շնորհվել է առավելագույն 7 բալը: Ընդ որում, մինչև հիմա 7 բալ շնորհվել էր միայն Չեռնոբիլին: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:
Սա կարող նշանակել, որ իրավիճակը «Ֆուկուսիմա 1»-ում գնալով լրջանում է, իսկ մասնագետները չեն կարողանում շտկել իրավիճակը կամ գոնե թույլ չտալ էլ ավելի վատթարացում: Մասնագետները նշում են, թե 7-րդ աստիճանը ենթադրում է, որ մթնոլորտ են արտանետվում ռադիոակտիվ նյութեր, որոնք իրենց վտանգավորությամբ նորման գերազանցում են տասնյակ հազարավոր անգամ:
Reuetrs գործակալության հաղորդմամբ, երեկ հրդեհ է բռնկվել ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում: Ատոմակայանը շահագործող TEPCO ընկերությունից հայտնել են, որ այս պահին կրակ և ծուխ էներգաբլոկի վրա չի երևում, սակայն վստահորեն չեն կարողացել նշել՝ արդյոք հրդեհն ամբողջությամբ մարվե՞լ է, թե՞ ոչ:









































