Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը կարող է հայտարարել ավելի քան 100 զինծառայողների Ուկրաինա ուղարկելու մասին, որոնք կմասնակցեն ԱՄՆ գլխավորությամբ անցկացվող ուկրաինական բանակի ուսուցման ծրագրին: Այս մասին հայտնում է Globe and Mail-ը՝ հղում անելով երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրին:
Կանադան կարող է առաքելությանը միանալ արդեն մայիսի կեսին՝ նշում է պարբերականը: Սպասվում է, որ կանադացի զինծառայողների մեծ մասը կտեղակայվեն Ուկրաինայի Յավորով քաղաքում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնում: Թե որքան կտևի ուկրաինացի զինվորականների ուսուցման ծրագիրը՝ չի նշվում:
Globe and Mail-ի տեղեկությամբ՝ Կանադայի վարչապետն ու պաշտպանության նախարարը մտադիր են կանադացի զինվորականներին ուղարկելու մասին հայտարարել երեքշաբթի օրը: Սպասվում է, որ Կանադան Ուկրաինային փորձագիտական օգնություն կառաջարկի ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի չեզոքացման ոլորտում: Նոր առաքելությունը նաև կարող է ներառել ուսուցում լոգիստիկայի և ռազմական ոստիկանության ոլորտում՝ նշում է թերթը:











































