«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքների խոշորացման ուղղությամբ կառավարությունն արդեն գործի է անցել: Մեկը, այսպես կոչված, փնջային խոշորացումն է, երկրորդը՝ ավելի գլոբալ խոշորացումը, նախկին «ռայոնների» մոդելը, որն էլ իր հերթին ենթադրում է մարզերի խոշորացում: Արդեն գրել ենք, որ փոքր համայնքների խոշորացումից հետո սպասվում է մարզերի խոշորացում, ըստ որի, Վայքի մարզը կմիանա Սյունիքին, Արարատը՝ Արմավիրին, Լոռին՝ Տավուշին, Արագածոտնը՝ Շիրակին: Բայց մարզերի խոշորացումը հնարավոր է համարվում շրջանների վերականգնումից հետո:
Առաջին փուլում նախատեսվում է խոշորացնել փոքր համայնքները, հանրաքվեն կլինի մայիսի 17-ին: Ապա կսկսվի շրջանների վերականգնումը, որը նշանակում է, որ այդ շրջանին պատկանող գյուղական համայնքների բյուջեները կենտրոնանալու են շրջկենտրոնում և այստեղից էլ, ավագանու որոշմամբ, բաշխվելու են համայնքներին: Այսինքն՝ լինելու է Երևանի կառավարման մոդելով, որի վարչական շրջանները չունեն սեփական բյուջե: Եթե շրջաններն ունենալու են բյուջե և կառավարվելու են շրջկենտրոնից, բնականաբար, նպատակահարմար չի համարվում ունենալ 10 մարզ, պետք է դրանք էլ խոշորացվեն:
Որպես առավելություն է նշվում ֆինանսական միջոցների խնայողությունը: Օրինակ, ինչպես իրենք են ասում, ստիպված չեն լինելու վերանորոգել գյուղական համայնքների մշակույթի պալատները, որոնց վրա կախվելու են կողպեքներ, այլ մեկը կվերանորոգեն շրջկենտրոնում, և ծնողները երեխաներին կտանեն այնտեղ: Իսկ ճանապարհի խոչընդոտը խոստանում են վերացնել՝ տրանսպորտային նորմալ հաղորդակցություն ստեղծելով: Բայց, հաշվի առնելով մեր կառավարության ձեռագիրը, բնակիչները տագնապում են` խոշորացումը կլինի, իսկ տրանսպորտը կմնա խոստում:
Շրջանների վերականգնումը մարզպետների համար ցանկալի չէ, քանի որ մարզային կառույցները, հատկապես առողջապահական ու կրթական հաստատությունները, այս դեպքում կանցնեն շրջկենտրոնի ենթակայության ներքո կամ` նախարարությունների, ամեն դեպքում` ոչ մարզպետարանի, ինչի արդյունքում մարզպետները կլինեն զուտ մարզային հսկիչներ` առանց լծակների: Մինչդեռ հիմա կադրային քաղաքականությունը որոշվում էր մարզպետի թելադրանքով: Բայց սա էլ դեռ վերջնական չէ, չի բացառվում, որ նրանք այլ ռեսուրսներով օժտվեն: Փոփոխությունները մտադիր են մինչև տարեվերջ իրականացնել: Ըստ քննարկումների, համայնքապետի և մարզպետի պաշտոնը կլինի նշանակովի, իսկ շրջկենտրոնի ղեկավարինը` ընտրովի: Թե այս փոփոխությունն ինչ դրական ու բացասական կողմեր ունի և ինչպես է անդրադառնալու մարզային կյանքի վրա, հետաքրքրվեցինք մարզպետներից:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:









































