«Հրապարակ» թերթը գրում է. «Դատելով իշխանության վերջին շրջանի գործողություններից, մանավանդ այն հանգամանքից, որ սկսել են նեղել նաև յուրային գործարարներին (Հակոբ Հակոբյան, Աշոտ Աղաբաբյան, Գարեգին Նուշիկյան և այլք)՝ տարբեր ստուգումների, տուգանքների տեսքով, կարելի է եզրակացնել, որ բյուջեի «հատակն» արդեն երևում է, և այն լցնելու հրատապ խնդիր է առաջացել:
Ընդ որում, մեր տեղեկություններով, «նեղում են» ոչ միայն խոշորներին, այլև մանր ու միջին բիզնեսի «արտոնյալներին», որոնցից հավաքած գումարները կարծես թե եղանակ չեն կարող ստեղծել: Բայց հիմա, ինչպես ասում են, ամեն լուման հաշված է, և «մկան թուքն էլ ջաղացին օգուտ է»:
Երեկ բիզնես շրջանակներում լուրեր էին շրջանառվում, որ իշխանությունը նոր «հարված» է նախապատրաստում:
Ըստ լուրերի, այս անգամ բանը չի սահմանափակվելու միայն տույժ-տուգանքներով: Տագնապած գործարարները շշնջում էին, որ իշխանությունը որոշել է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ ձերբակալություններ, քրեական գործեր՝ հարկերը թաքցնելու հիմքով: Ընդ որում, ասում են, ոչ թե բիզնեսի տերերն են տուժելու, այլ նրանց գործադիր տնօրենները, հաշվապահները, որոնց վրա է «կոտրվելու» կուժն ու կուլան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































