Այսօր Եմենի ընդդիմությունը մերժել է Պարսից ծոցի արաբական երկրների միապետերի կողմից առաջարկված՝ ներեմենյան ճգնաժամի կարգավորման ծրագիրը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Եմենի ընդդիմության ներկայացուցիչը գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ կարգավորման այդ ծրագիրը անձեռնմխելիություն է ապահովում Սալեհի համար. «Որ մի հիմարը կհամաձայնի երաշխավորել անվտանգությունը մի ռեժիմի, որը սպանել է այդքան խաղաղ բնակչություն: Մեր պահանջը մնում է նույնը` Սալեհը պետք է հեռանա»,- ասել է ընդդիմության ներկայացուցիչը:
Մինչդեռ Ալի Աբդալլահ Սալեհը համաձայնել է այդ ծրագրին։ «Նախագահը ողջունում է մեր եղբայրների ջանքերը` կարգավորելու եմենյան ճգնաժամը»,- ասված է Եմենի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ Սալեհը պատրաստ է իշխանությունը փոխանցել՝ համաձայն Սահմանադրության:
Հիշեցնենք, որ Պարսից ծոցի արաբական 6 երկրներն առաջարկել էին մի ծրագիր, համաձայն որի՝ Սալեհն իշխանությունը փոխանցում էր երկրի փոխնախագահին, ընդդիմությունը ձևավորում էր կառավարություն և սահմանադրական բարեփոխումներ իրականացնում:







































