Կահիրեում նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկության երկրորդ տարվան նվիրված ցույցերը վերածվել են ցուցարարների և ոստիկանության միջև զանգվածային բախումների:
Reuters-ի փոխանցմամբ՝ փետրվարի 11-ի երեկոյան Կահիրեում նախագահական պալատի մոտ գործող նախագահ Մուհամմադ Մուրսիի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ և փակել նստավայրի մուտքը: Ոստիկանությունը ջուր և արցունքաբեր գազ է օգտագործել և ցուցարարներին հեռացրել նստավայրի և դրա հարակից տարածքից:
Փետրվարի 11-ին փողոց դուրս եկած ցուցարարները նախագահից պահանջել են կյանքի կոչել հեղափոխության գաղափարները, որոնց շնորհիվ նա իշխանության է եկել՝ հայտնում է Agence France-Presse-ը: Ցուցարարները պահանջել են նաև ձևավորել ազգային միասնության կառավարություն, կատարել սահմանադրական փոփոխություններ, պաշտոնից հեռացնել երկրի գլխավոր դատախազին:
Նախագահի մամլո ծառայության ղեկավար Յասիր Ալին բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել վճռականորեն քննադատել Կահիրեում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներին. «Նախագահը կողմ է խաղաղ ակցիաներին և ինքնարտահայտման ազատությանը, սակայն խաղաղ ցույցը ակցիայի վերածելու ցանկացած փորձ դաժան արձագանք կգտնի»,- հայտարարել է նա:
Ընդդիմությունը պահանջում է նաև ցրել նախարարների գործող աշխատակազմը: Սակայն Մուրսին բազմիցս հայտարարել է, որ նոր կառավարություն կլինի միայն խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան 3-4 ամիս հետո:










































