Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր երկրպագուներին ներկայացրեց Դոնեցկի «Շախտյոր»-ի ամսագրի հունվարյան համարը: Հիշեցնենք, որ Հենրիխը հայտնվել էր ամսագրի հունվարյան համարի շապիկին:
Հանդիպումը կայացավ «Շախտյոր»-ի ֆիրմային խանութում՝ «Դոնեցկ Սիթի»-ում: Հենրիխի ստորագրությունը ստանալու համար հսկայական հերթ էր գոյացել: Հենրիխը պատասխանեց նաև երկրպագուների հարցերին:
– Ո՞ր թիմին կցանկանայիք հանդիպել ՉԼ քառորդ եզրափակիչում:
– Պետք է նախևառաջ հաղթահարել «Բորուսիա»-ի արգելքը, այնուհետև մտածել այլ հակառակորդների մասին:
– Քանի՞ գոլ կխփես «Բորուսիա»-ին:
– Կփորձեմ հնարավորինս շատ գոլեր խփել, բայց ամենակարևորը թիմի հաղթանակն է: Հաղթանակն ավելի կարևոր է, քան խփած գոլերի թիվը:
– Հունվարի 21-ին քո տարեդարձն էր: Ո՞րն էր լավագույն նվերը, որը ստացար:
– Ընկերներիս և բարեկամներիս շնորհավորանքները:
– Մինչև ո՞ր թվականն ես պատրաստվում հանդես գալ «Շախտյոր»-ում:
– Ես մինչև 2015թ. գործող համաձայնագիր ունեմ և պատրաստվում եմ կատարել պայմանագրային պարտավորություններս: Դրանից հետո ամեն ինչ պարզ կդառնա:
– Եթե մեկնարկի ԱՊՀ առաջնությունը, «Արարատ»-ի դեմ կխաղա՞ս:
– «Արարատ»-ը մասնակցելու՞ է այդ առաջնությանը: Եթե այո, ապա հաճույքով:
– Որքա՞ն գոլ ես պատրաստվում հեղինակել առաջնությունում:
– Մնացել է 12 տուր: Պետք է շարունակեմ գոլեր խփել և օգնել թիմիս նվաճել Ուկրաինայի չեմպիոնի կոչումը:
– Նախատեսու՞մ ես ստանալ «Ոսկե խաղակոշիկ»-ը:
– Կփորձեմ հնարավորինս շատ գոլեր հեղինակել այդ տիտղոսը նվաճելու համար, սակայն դուք գիտեք, որ Լիոնել Մեսսին արդեն 34 գոլ է խփել: Շրջանցելը շատ բարդ կլինի:
– Բացի «Շախտյոր»-ից սիրելի թիմ ունե՞ս:
– Հիմա ես գտնվում եմ «Շախտյոր»-ում, որն իմ սիրելի թիմն է:
– Ցանկանու՞մ ես ընտանիք կազմել:
– Շատ եմ ցանկանում: Կարևորը համապատասխան աղջիկ գտնելն է, որն ամբողջ կյանքիս ընթացքում հավատարիմ կլինի ինձ:












































