Իտալական Eni ընկերության և Կիպրոսի համագործակցությունը Միջերկրական ծովում ածխաջրածնի հայտնաբերման ոլորտում կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայում ընկերության ծրագրերի վրա: Այս մասին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Իյլդիզը, ուրբաթ օրը տեղեկացրել է «Անադոլու» գործակալությունը:
Նախարարի խոսքերով՝ հատուկ տնտեսական գոտում աշխատանքների կատարումը հակասում է միջազգային իրավունքին, այդ պատճառով էլ Թուրքիան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների դեմ, որոնք այդ տարածքում համագործակցում են Կիպրոսի հետ:
Թուրքիան բազմիցս իր բողոքն է հայտնել այդ տարածքում աշխատանքների ծավալման վերաբերյալ՝ Կիպրոսից պահանջելով դադարեցնել ածխաջրածնի վերամշակման ծրագրերը:
Անկարան չի ընդունում Կիպրոսի հանրապետությունը՝ հարաբերություններ պահպանելով միայն Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ, որտեղ 1974թ-ից տեղակայված է թուրքական ռազմական ստորաբաժանումը:









































