ՀԴԲ-ի գործակալները ձերբակալել են Կալիֆոռնիայի 28-ամյա բնակիչ Մեթյու Լանեզային՝ Օքլենդ քաղաքում ահաբեկչության նախապատրաստման և իրականացման փորձի համար: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Լանեզան ձերբակալվել է ուրբաթ առավոտյան, երբ իր բջջայինի օգնությամբ փորձել է պայթեցնել ականապատ ամենագնացը, որը նա կանխավ կայանել էր բանկերից մեկի մոտակայքում: Ահաբեկչության նախապատրաստումը ընթացել է ՀԴԲ-ի մշտական վերահսկողության ներքո, որն էլ ապահովել է ռումբի վնասազերծումը: Գաղտնի գործակալները Լանեզայի հետքի վրա էին դուրս եկել դեռ անցած տարվա նոյեմբերին` նրան ներկայանալով որպես ծայրահեղական «Թալիբան» խմբավորման անդամ:
Դատական առաջին լսումները նշանակված են փետրվարի 13-ին: Մեղավորության հաստատման դեպքում նրան սպասում է մինչև ցմահ ազատազրկում:











































