The Telegraph-ը հայտնում է, որ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն առաջիկա ամռանը կփորձի հզորացնել իր թիմի հարձակման գիծը` ձեռք բերելով «Ֆիորենտինա»-ի 23-ամյա հարձակվող Ստևան Յովետիչի իրավունքները:
Վենգերին չհաջողվեց գնել «Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյայի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մրցաշրջանի ավարտից հետո մասնագետը մի քանի տասնյակ միլիոն ֆունտ կստանա` անհրաժեշտ տրանսֆերներ ձեռք բերելու համար: Ընդհանուր գումարից 20 մլն-ը Վենգերը պատրաստվում է հատկացնել Յովետիչի իրավունքների ձեռք բերմանը: Եթե գործարքը կայանա, ֆուտբոլիստը կդառնա «Արսենալ»-ի պատմության մեջ ամենաթանկարժեք ձեռք բերումը: Այժմ այդպիսին է Անդրեյ Արշավինը, ում տրանսֆերի դիմաց լոնդոնյան ակումբը 15 մլն է վճարել:
Վենգերը նախատեսում է հզորացնել նաև այլ դիրքերը: Ֆրանսիացի մասնագետը փնտրում է աջ պաշտպան, քանի որ Բակարի Սանյան չի համաձայնում ակումբի առաջարկած պայմաններին: «Արսենալ»-ին անհրաժեշտ է նաև հենակետային կիսապաշտպան:
Միաժամանակ 2013 թվականի ամռանը թիմը կլքեն մի քանի ֆուտբոլիստներ` Սեբաստիան Սկիլաչին, Անդրեյ Արշավինը, Նիկոլաս Բենդտները, Մարուան Շամախը, Յոհան Ջուրուն և Պարկ Չու Յունգը:







































