Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2013թ. հունվարի 14-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում նախագահի թեկնածուների քարոզարշավը լուսաբանող ԶԼՄ-ների մշտադիտարկան միջանկյալ հաշվետվությունը:
Ըստ այդմ, նախագահի որևէ թեկնածուի հանդեպ լուսաբանման խտրականություն չի ցուցաբերվում: Բորիս Նավասարդյանը նշեց, որ հանդիպել են նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ, որոնց կողմից, իհարկե, եղել են բողոքներ, բայց՝ ոչ շատ:
Նշվեց, որ նախագահի թեկնածուների քարոզարշավը առավել ակտիվ են լուսաբանում «Արմնյուզ»-ն ու «Արմ Ռադիո»-ն, համեմատած խորհրդարանական ընտրությունների հետ՝ պակաս ակտիվություն են ցուցաբերում «Երկիր մեդիա»-ն ու «Կենտրոն»-ը, ինչը, ըստ Նավասարդյանի, պայմանավորված է նրանով, որ այդ լրատվամիջոցների սեփականատերերը հետաքրքրություն չեն ցուցաբերում այս նախագահական ընտրությունների նկատմամբ:
Եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում լուսաբանվում էր որպես նախագահ՝ միջոցառումներ, հանդիպումներ, ապա հունվարի 21-ից սկսած՝ նախընտրական քարոզչության ընթացքում նրա հրապարակային գործունեության լուսաբանումը սահմանափակել են՝ միջոցառումները, ինչքան հնարավոր է, հակիրճ են: Այժմ նա լուսաբանվում է որպես թեկնածու, այսինքն՝ հավասար պայմաններում է մյուս թեկնածուների հետ: Նույնիսկ լուսաբանման առումով երրորդ տեղում է՝ զիջում է Պարույր Հայրիկյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին:
Երեք օրերի ընթացքում՝ փետրվարի 1-3-ը, Հայրիկյանը ստացավ բոլոր անդրադարձների կեսը, իսկ եթերի ծավալով ՝ երկու երրորդը, ինչը, Բորիս Նավասարդյանի կարծիքով, կարելի է բնական համարել՝ հաշվի առնելով նրա դեմ ուղղված մահափորձը:
Թեկնածուներից արտահայտված վերաբերմունք միայն նկատվում է գործող նախագահի նկատմամբ՝ կար և՛ դրական, և՛ բացասական վերաբերմունք: Սերժ Սարգսյանի նկատմամբ բացասական անդրադարձները հիմնականում տարբեր բանավեճային հաղորդումների ընթացքում են արտահայտվում. «Կարելի է առանձնացնել նաև Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին: Առաջատար է Րաֆֆին, ով ունի 17 դրական և ոչ մի բացասական անդրադարձ: Կան թեկնածուներ, ում նկատմամբ ոչ մի տեսակի անդրադարձ չկա»,- ասաց Նավասարդյանը:
Լուսաբանման առումով կան չորս առաջատարներ՝ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը: ՄԱԱ նախագահի կարծիքով՝ սա բնական է, քանի որ նրանք ակտիվ քարոզարշավ են անցկացնում: Անդրիաս Ղուկասյանը 7-րդ տեղում է, լուսաբանման ծավալով վերջինը Արման Մելիքյանն է:
Հիմնական թերությունը, որը մշտադիտարկման ընթացքում նկատել են, կարծիքների բախման, բանավեճերի պակասն է:
Բորիս Նավասարդյանի այդ միտքը դժգոհություն առաջացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ՝ շատերը նկատեցին, որ դա թերություն համարել չի կարելի, այսինքն՝ չի կարելի մեղադրել լրատվամիջոցներին, քանի որ թեկնածուներն իրենք են հրաժարվում բանավիճել:
Նշենք, որ մշտադիտարկումն անցկացվել է «Արմենիա»-ի, «Արմնյուզ»-ի, «Երկիր մեդիա»-ի, «Կենտրոն»-ի, Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ Հ1-ի, Հ 2-ի, «Շանթ»-ի, Հայաստանի հանրային ռադիոյի, «Արմռադիո FM 107»-ի շրջանակներում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































