Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը, որի վեպերի հիման վրա է հիմված «Գահերի խաղը» հայտնի սերիալը, չի բացառել, որ դրա հիման վրա կարող է նկարահանվել լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ:
Նա արտահայտել է այդ դիրքորոշումը նախօրեին իր բլոգում, որը մեջբերել են հոլիվուդյան ԶԼՄ-ները:
«Ինձ դուր է գալիս տվյալ գաղափարը: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ հանդիսատեսը հիմա պատրաստ է նման էպիկական ֆիլմին: Եթե մենք նկարահանենք ֆիլմ, ապա հանդիսատեսը կինոթատրոն կգնա»,- ասել է նա:
Մարտինի ելույթը նվիրված է HBO ալիքով սերիալի 5-րդ սեզոնի թողարկմանը:
Ինչպես հայտնում են հոլիվուդյան շրջանակները, ստեղծագործական կազմի ու հեռուստաալիքի ղեկավարության միջև տարաձայնություններ կան այն հարցի շուրջ, թե որքան երկար է տևելու տվյալ նախագիծը: Մարտինը հաստատել է, որ HBO-ն 10 սեզոնի կողմնակիցն է: Սակայն պրոդյուսերներն ու բեմադրիչները կարծում են, որ սերիալն անհրաժեշտ է ավարտել 7-րդ սեզոնում:
«Ոչ ոք հիմա չգիտի, թե որքան է շարունակվելու «Գահերի խաղը»,- ասել է գրողը՝ հասկացնելով, որ ինքը ևս հակված է 10 սեզոնի:











































