Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսելով արաբական աշխարհում ընթացող զարգացումների մասին, ասաց, որ արաբական երկրներից յուրաքանչյուրում հուզումների պատճառները յուրահատուկ են: Եգիպտոսում, ըստ Իսկանդարյանի, տեղի ունեցավ սոցիալական բունտ, Բահրեյնում խնդիրը կրոնական է` պայքար է գնում շիաների և սուննիների միջև, Լիբիայում ընթանում է միջցեղային պայքար:
«Այս ամենի միակ միավորողն այն է, որ հիշյալ բոլոր երկրները գտնվում են մեկ միասնական ինֆորմացիոն տարածքում` «Ալ-Ջազիրա»-ի տարածքում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Իսկանդարյանը:
Իսկանդարյանի գնահատմամբ, արաբական աշխարհում կատարվող դեպքերի հետևանքները պետք է շատ հետաքրքրեն Հայաստանին, քանզի այդ տարածաշրջանը մեզ բավական մոտ է գտնվում, և այդ տարածաշրջանում փոխվում են ենթակառուցվածքները, երկրների դերը, կայունության և անկայունության հարաբերակցությունը:
Մյուս հանգամանքը, որի պատճառով արաբական աշխարհում տեղի ունեցող դեպքերը պետք է Հայաստանին հետաքրքրեն, ըստ Իսկանդարյանի, այն է, որ այնտեղ կան հայկական համայնքներ:










































