«ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ ես մոտ շփում չեմ կարող ունենալ: Բայց շատ սիրում և հարգում եմ: Չեմ կարող ասել` ես իր մոտիկն եմ, բայց ինքը մեր համար ամեն ինչ է: Նա մեզ համար ծնողին հավասար մեծություն է»: Այս մասին shamshyan.com-ի հետ զրույցում ասաց 29-ամյա Մարտուն Կարապետյանը` «Կյաժ Մարտունը»-ը: Վերջինս զբաղվում է Հունահռոմեական ըմբշամարտով: Լեհաստանում և Վրաստանում անցկացվող առաջնություններում զբաղեցրել է 2-րդ տեղը: Ավելին, 2 մրցաշարում էլ մրցել է թուրք մարզիկի հետ և պարտության մատնել նրան, որից հետո թաղամասում նրան անվանում են թուրքի «քիլլեր»: Գագիկ Շամշյանի և նրա զրույցը ներկայացնում ենք ստորև:
-Երկու օր է, ինչ էկետրոնային լրատվամիջոցներում շրջանառվում է ձեր անունը` Նուբարաշենի հայտնի կրակոցների և 3 հոգու սպանության գործով: Ասում են, թե դուք ԱԺ պատգամավոր Մհեր Սեդարակյանի` Թոխմախի Մհերի «քիլլերն» եք: Ավելին, տարել են «ԿԿԲ», մի քանի ժամ պահել են, ծեծել, ձեռքերդ կոտրել են ու դրել չհրկիզվող պահարանի տակ: Բայց նայելով ձեզ և ձեր ձեռքերին` համոզվեցի, որ այդ ամենը հեքիաթ է: Դուք ինքներդ այդ ամենը լսելով` ի՞նչ ապրումներ ունեցաք:
-Ես ոչ մի տեղ չեմ եղել: Ինձ ոչ մի տեղ չեն տարել: Իսկ ինչ մնում է, թե ինչ ապրումներ ունեցա, ցավ եմ ապրում սպանվածների համար, որովհետև ջահել տղերք էին: Այդքան բան:
–Այսինքն, այդ լուրերից հետո ձեզ «ԿԿԲ» չե՞ն տարել, ինչպես որոշ լրատվամիջոցներ էին գրել:
-Ոչ:
–Բա ինչի՞ համար են ձեր անունը շրջանառում: Ո՞ւմ է դա ձեռնտու:
-Չեմ կարող ասել, բայց ինձ էլ է շատ հետաքրքիր:
-Ասում էին նաև, թե ձեր մականունը «Քիլլեր» է: Բայց այսօր, երբ ձեր թաղի երիտասարդների հետ զրուցում էի, ասում էին, որ միայն թուրքի պարագայում կարող է «քիլլերի» հետ ասոցացվել, որովհետև ձեր մարզական գործունեության ընթացքում 2 անգամ պարտության եք մատնել թուրք ըմբիշին: Ի՞նչ սպորտաձևով եք զբաղվում և ի՞նչ թուրքի մասին է խոսքը:
– Հունահռոմեական ըմբշամարտով եմ զբաղվում և 2 անգամ պարտության եմ մատնել թուրք ըմբիշին: Այդ օրվանից հետո ինձ ասում են «քիլլեր»: Իմ մականվան պատմությունը ասոցացվում է միայն դրա հետ և ոչ ավելին:
–Այսինքն, դուք ընդունո՞ւմ եք, որ թուրքի համար «քիլլեր» եք:
-Միանշանակ: Բայց միայն թուրքի նկատմամբ: Ես իմ ազգի համար ամեն ինչի պատրաստ եմ: -Ստացվում է` դուք թուրքին տապալել եք հանուն հայկական դրոշի ծածանմա՞ն: Բայց արդյունքում ստացվում է, որ 3 հոգու սպանության մեղավորությունը ցանկանում են բերել-գցել ձեր գրպանը: Դաժան է: -Իհարկե: Հատկապես, երբ կեղծ է և սուտ:
–Բայց ո՞նց կարող էին ասել, թե Ազգային անվտանգության նկուղում ձեզ ծեծել են:
-Հիմա ձեր առջև նստած եմ: Ձեր աչքով ինձ տեսնում եք` ծեծե՞լ են: Որ տարած լինեին` կարող է` ծեծեին, բայց չեն տարել: Ինչի՞ համար տանեն, ինչի՞ համար ծեծեն: Ի՞նչ եմ արել որ՝ իմ և ազգիս համար սպորտով եմ զբաղվում:
–Մարտուն, իսկ ի՞նչն է պատճառը, որ ձեզ կապում են ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի անվան հետ: Դուք նրա հետ շփում ունեցե՞լ եք:
-Ես նրա հետ մոտ շփում չեմ կարող ունենալ: Բայց շատ սիրում և հարգում եմ: Չեմ կարող ասել՝ ես իր մոտիկն եմ, բայց ինքը մեր համար ամեն ինչ է: Նա մեզ համար ծնողին հավասար մեծություն է: Հնարավոր է` մեզ նրա հետ տեսել են, դրա համար են ենթադրում, որ ես իր «ախրանիկն» եմ: Որոշ երևանցիներ այդպես են կարծում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում








































