Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Euronews-ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է իրանցի լրագրողների ձերբակալությունների՝ վերջերս տեղի ունեցած աննախադեպ շարքին: Ավելի քան 10 մարդ է ձերբակալվել հակահեղափոխական ԶԼՄ-ների հետ կապ ունենալու համար: Լրագրողի այն հարցին, թե Իրանում խոսքի ազատություն գոյություն ունի՞, Սալեհին պատասխանել է. «Իհարկե, նայեք մեր զանգվածային լրատվամիջոցներին»:
Ինչ վերաբերում է լրագրողների ձերբակալություններին, Սալեհին նշել է, որ ազատություն՝ չի նշանակում անվերահսկողություն և անպատժելիություն գործողություններում և արտահայտություններում: Նրա խոսքով՝ ազատությունն իր սահմաններն ունի, դուք ազատ եք, քանի դեռ չեք խախտում ուրիշների ազատությունը և դուրս չեք գալիս սահմաններից: «Այդ դեպքում ամեն ինչ կարգին է, սակայն եթե դուք դուրս եք գալիս այդ սահմաններից, ապա գործը հասնում է օրենքին»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
Նշենք, որ շատերն այդ ձերբակալությունները կապում են 5 ամիս անց կայանալիք նախագահական ընտրությունների հետ: