«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ իշխանությունների կողմից կապիտուլյացիայի ենթարկվելուց հետո հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ներքաղաքական դաշտում՝ թե՛ իշխանական, թե՛ ոչ իշխանական թևերում: Նախ՝ իշխանությունը մնաց գրեթե առանց հակառակորդների: Ոչիշխանական դաշտից «Դաշնակցությունը» ուր որ է պատրաստվում է իշխող Հանրապետականի հետ կոալիցիա կազմել: «Օրինաց երկիրը» դեռ պետք է ինքնահաստատվի ընդդիմության դիրքերում: Բայց դա այդ կուսակցության համար բավականին դժվար է, քանի որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն առիթը բաց չի թողնում ասելու, թե Սերժ Սարգսյանն իր ընկերն է: Իսկ հարևանցիորեն միայն կառավարությանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանին քննադատելով՝ համոզիչ ընդդիմություն չեն դառնա: «Ժառանգությունն» այն կուսակցությունն է, որի դեպքում ասում են՝ վեց հոգով յոթ երգ են երգում: Խորհրդարանական ոչիշխանական ուժերի մեջ թերևս ՀԱԿ-ն է հիմնական ընդդիմադիր ուժը, բայց այդ կուսակցության ռեսուրսները բավարար չեն իշխանության դեմ պայքար ծավալելու համար, բացի դրանից՝ եռյակի փլուզումից հետո դեռ պետք է ուշքի գա: Իսկ նման իրավիճակում իշխանությունը թեև մնացել է առանց լուրջ հակառակորդների, բայց միաժամանակ հայտնվել է քաղաքական դաշտի ավերակների վրա:
Բայց ամենահետաքրքիրը դեռևս ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են, և թե առաջիկայում ինչ նոր զարգացումներ տեղի կունենան այդ կուսակցության հետ: Հայտնի է, որ փետրվարի 5-ին այդ կուսակցությունն արտահերթ համագումար է հրավիրելու, որի ժամանակ պետք է փոխվի ԲՀԿ-ի ղեկավար կազմը: Չի բացառվում, որ որոշ անդամներ լքեն կուսակցությունը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ այդ ԲՀԿ-ի նոր նախագահը լինելու է Նաիրա Զոհրաբյանը, ում թեկնածության համար արդեն համաձայնել են իշխանությունները: Հայտնի է, որ անցած շաբաթ ԲՀԿ մի քանի անդամներ կառավարությունում հանդիպել են Հ.Աբրահամյանի հետ և քննարկել կուսակցության գոյության հետ կապված խնդիրները:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մեծ թվով ԲՀԿ-ականներ արդեն հանդիպել են Ս.Սարգսյանի հետ և իրենց հավատարմության հավաստիացումներն են տվել նրան: Ի դեպ՝ այդ ԲՀԿ-ականների մեջ եղել են նաև այնպիսի գործիչներ, ովքեր մինչև փետրվարի 12-ը՝ մինչև ՀՀԿ խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանին ուղղված Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը, անշեղորեն իշխանափոխության էին գնում:
Իսկ այսուհետ ԲՀԿ-ն հայտնվելու է իշխանությունների ազդեցության ներքո, որի համակարգողը լինելու է Հովիկ Աբրահամյանը: Այն որ Հ.Աբրահամյանը իր խնամի Գ.Ծառուկյանի միջոցով որոշակի ազդեցություն ուներ ԲՀԿ-ի վրա և ԲՀԿ-ի միջոցով դարձավ վարչապետ, բոլորը գիտեն: Բայց հիմա նա ոչ թե ազդեցություն ունի ԲՀԿ-ի վրա, այլ այդ կուսակցությունն ամբողջությամբ է վերցնում իր ձեռքը: Ընդ որում՝ իշխանական դաշտում տեղեկություններ են շրջանառվում, թե ԲՀԿ-ն իր նոր տրանսֆորմացիայից հետո ոչ միայն մնալու է ոչիշխանական դաշտում, այլև հայտարարելու է, որ քաղաքագիտությանն անհասկանալի այլընտրանքից դառնալու է ընդդիմություն: Եվ կստացվի մի հետաքրքիր իրավիճակ՝ իշխող ուժի, վարչապետի համակարգման ներքո գտնվող ընդդիմություն:
Բայց այդ դեպքում ո՞ւմ է քննադատելու ԲՀԿ-ն: Իրենց ղեկավար Հ.Աբրահամյանին հո չի՞ քննադատելու: Թեև չափի մեջ պայմանավորվածության շրջանակներում կարող են նրան էլ շատ թույլ քննադատել: Ս.Սարգսյանին նույնպես նախկինի նման չի կարողանա քննադատել. դա նրանց թույլ չի տրվի: Եվ կստացվի, որ ԲՀԿ-ն պետք է վերսկսի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին քննադատելը, որը հիմա թեև իշխանության չէ, բայց հո 6 տարի վարչապետ է եղել: Եվ նրա այդ ստաժը ԲՀԿ-ի համար դեռ մի քանի տարվա քննադատության հիմք կհանդիսանա և նրանց ընդդիմադիր դիրքերից հանդես գալու հնարավորություն կտա:
Արժե նշել, որ այս ամբողջ պատմության մեջ շահող դուրս եկավ նաև Հ.Աբրահամյանը, որին բաժին հասավ տարիներ շարունակ Գ.Ծառուկյանի կառուցած կուսակցությունը: Առաջիկայում արդեն հնարավոր կլինի ասել, որ ի դեմս ԲՀԿ-ի՝ նա կունենա սեփական կուսակցությունը:
Քաղաքականությունից Գ.Ծառուկյանի հեռանալուց հետո տեսակետներ էին հնչում, թե Ս.Սարգսյանն այլևս անհրաժեշտություն չի տեսնում Հ.Աբրահամյանին պահել վարչապետի պաշտոնում, և որ այդ կառավարության ղեկավարի դերում վերջինիս գոյության իմաստը Գ.Ծառուկյանին հնազանդ պահելու մեջ էր: Բայց քանի որ դա Հ.Աբրահամյանի միջոցով չստացվեց, ուրեմն վարչապետի պաշտոնում նրա մնալն արդեն աննպատակահարմար է: Բայց պարզվում է, որ ԲՀԿ-ով Հ.Աբրահամյանը կարող է նոր թափ վերցնել: Եվ եթե նա իշխանության մեջ իր դիրքերը պահում էր խնամու կուսակցության միջոցով, հիմա արդեն նա Հանրապետականում կունենա իր կուսակցությունը և որպես ուժ՝ թեկուզև թուլացած, բայց կծառայեցնի իր քաղաքական ու տնտեսական նպատակներին:
Թե այդպիսով Հ.Աբրահամյանը որքան ազնիվ կլինի Գ.Ծառուկյանի հանդեպ՝ դժվար է ասել: Բայց որ նա արդեն փորձում է իր համար քաղաքական հենարան ձեռք բերել՝ ակնհայտ է: ՀՀԿ-ն նրա համար այնքան էլ հենարան չէր, այնպես, ինչպես հենարան չէր Տ.Սարգսյանի համար:









































