Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին զանգվածային հուզումներից առաջ մի քանի միլիոն դոլար է ծախսել գաղտնի PR անցկացնելու համար, որը ուղղված է եղել Ջամահիրիայի առաջնորդին իմաստուն քաղաքական գործչի և բարենորոգչի կերպարում ներկայացնելուն: Այս մասին այսօր հաղորդել է CNN հեռուստաալիքը` հղում անելով գաղտնի փաստաթղթերին:
«Հնարամիտ» առաջնորդը Բոստոնում գտնվող խորհրդատվական ընկերությունից հատուկ խումբ է վարձել, որը աշխատում էր նրա համար բարենպաստ կերպար ստեղծելու ուղղությամբ: Այդ խմբի մեջ էին մտնում ամերիկացի վերլուծաբաններ, PR-ի մասնագետներ և կառավարական բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, որոնք 2006 թվից առանձնազրույցներ են ունեցել Քադաֆիի հետ, ինչպես նաև նրա համար դասախոսություններ են կարդացել:
Ըստ փաստաթղթի, որը թվագրված է 2007 թվականով, այդ գործընթացն ուղղված էր «Լիբիայի համաշխարհային ճանաչման ամրապնդմանը և Քադաֆիի համար մտածողի և ինտելեկտուալի կերպար ստեղծելուն»:
Ըստ գնահատականների՝ Քադաֆին տարեկան 3 մլն դոլար է վճարել, բացի այդ, անվճար ապահովել նրանց ապրուստը Լիբիայում:
PR խմբի վերլուծաբաններից մեկի` Էմոն Քելիի խոսքերով, ամերիկացիներն օգնում էին Քադաֆիին կառուցել «քաղաքակիրթ հասարակություն»: Նրա խոսքերով, այդ աշխատանքի հիմնական մասը եղել է Լիբիայում իրավիճակի վերլուծությունը, որը ուղղված է եղել «երկրում բարեփոխումների իրականացմանը, տնտեսական վիճակի բարելավմանը, կառավարության արդիականացմանն ու քաղաքացիական հասարակության ստեղծմանը»:
«Մենք Քադաֆիի համար չենք աշխատել, մենք աշխատել ենք Լիբիայի համար»,- CNN-ին ասել է Քելին:










































