ԱՄՆ Պետդեպը 3 ամիս է՝ չի կարողանում կանխել կիբերհանցագործների հարձակումներն իր համակարգչային ցանցի վրա: The Wall Street Journal-ը գրում է, որ անցած տարվա նոյեմբերին կոտրել են արտաքին քաղաքական գերատեսչության էլեկտրոնային փոստը, սակայն հարձակումը չի հասել գաղտնի ալիքներին: Պետդեպի մասնագետները դեռ չեն կարողացել լուծել այդ խնդիրը և ցանցն ազատել ցանցահենների ակտիվությունից:
«Կառավարության աշխատակիցներն այլ կապալառուների և ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության աջակցությամբ բազմիցս սանրել են այդ ցանցը և որոշ համակարգեր փոխանցել ինքնավար ռեժիմի,- նշում է պարբերականը:- Բայց մասնագետները, ինչպես նախկինում, հայտնաբերում են ցանցահենների ներկայություն Պետդեպի համակարգիչներում: Համակարգիչ կոտրողներին հաջողվում է շրջանցել պաշտպանության ներդրված միջոցները»:
Թերթն ավելացնում է, որ ցանցահենների գործունեությունից համակարգչային ցանցին հասցված վնասն անհայտ է: Պետդեպի ներկայացուցիչները նշել են, որ խոսքը միայն գերատեսչության ոչ գաղտնի էլեկտրոնային փոստ ցանցահենների ներթափանցման մասին է, բայց, ինչպես նշում են փորձագետները, ոչ գաղտնի ծառայողական նյութերը ևս կարող են կարևոր հետախուզական տեղեկություններ պարունակել:









































