Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հանդիպում է ունեցել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալիդ Մեշալի հետ: Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի նշվում:
Նշվում է, որ Դավութօղլուն նախ ապրիլի 5-ին այցելել է Բահրեյն, ուր և հանդիպումներ է ունեցել նրա ղեկավարության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ: Դավութօղլուն այդ հանդիպումները որակել է որպես բավականին արդյունավետ: Դրանց ընթացքում Դավութօղլուն շեշտը դրել է Բահրեյնի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանման վրա:
Բահրեյնից Դավութօղլուն մեկնել է Կատար, որը մասնակցում է Լիբիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի գործողություններին ու հանդիսանում է արաբական միակ երկիրը, որը ճանաչել է Բենղազիի Ազգային անցումային խորհուրդը: Կատարում Դավութօղլուն հանդիպել է գահաժառանգ շեյխ Տամիմ Բեն Համադ Ալ Տանիի հետ, ինչպես նաև լիբիական ընդդիմադիր Մահմութ Ջիբրիլի հետ:
Վերջինիս հետ Դավութօղլուն քննարկել է զինադադարի վերաբերյալ ապստամբների մոտեցման խնդիրը, ինչպես նաև խոր անհանգստություն հայտնել Բենղազիում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած հակաթուրքական բողոքի ակցիայի կապակցությամբ:
Կատարից էլ Դավութօղլուն մեկնել է Սիրիա և 2.5 ժամանոց հանդիպում ունեցել նախագահ Բաշար Ասադի հետ: Հանդիպման ժամանակ Դավութօղլուն ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և երկրում բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Քրոունի մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի և գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոշուա Ուոլքերը Foreign Policy ամսագրում գրեց.
«Թուրքիան աստիճանաբար վերածվում է մերձավորարևելյան առանցքային դերակատարի և միջազգային խաղացողի: Թուրքիան Մերձավոր Արևելքում ունի ամենամեծ և ամենաարագ զարգացող տնտեսությունը: Թուրքիան օսմանյան ժամանակաշրջանից սկսած դիվանագիտական, տնտեսական ու քաղաքական առումով երբեք այսքան ակտիվ չի եղել արաբական աշխարհում և այսքան ազդեցություն չի ունեցել նրա վրա»:
Իսկ TÜRKSAM միջազգային հարաբերությունների ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերդար Էրդուրմազի կարծիքով, Թուրքիան աշխարհիկ ու դեմոկրատական ռեժիմ ունեցող երկիր է, որը սերտ կապեր ունի նաև Մերձավոր Արևելքի երկրների հետ, ինչը ԱՄՆ-ի և ԵՄ-ի աչքում էլ ավելի է կարևորում նրա դերը. դա նշանակում է, որ Արևմուտքի համար Թուրքիայի ռազմավարական կարևորությունն այժմ ավելի մեծ է, քան «Սառը պատերազմի» ժամանակ էր (այսինքն՝ քան երբևէ):
Հարկ է ընդգծել, որ թուրքական կողմի համար միջնորդական առաքելությամբ հանդես գալու հարցում մշտապես մեծ կարևորություն է տրվում նրան, որ հակամարտող կողմերը Թուրքիան ընկալեն որպես չեզոք կողմ և չկարծեն, թե նա աջակցում է կողմերից մեկին:
Թուրք վերլուծաբան Ջյունեյթ Ուլսևերի կարծիքով, միջազգային բազմաթիվ խնդիրներում առաջնային հավակնություններ ունեցող Թուրքիայի համար գնալով առավել բարդ կլինի անաչառ իրավարարի և խաղաղարարի կեցվածք ընդունելը` սեփական շահերը համատեղելով օբյեկտիվ իրողությունների և այլ ժողովուրդների պատմական հիշողության հետ:









































