Ավստրալիայում տղամարդուն դատում են հարբած վիճակով մեքենա վարելու համար՝ անտեսելով այն լուրջ պատճառը, որը նրան ստիպել էր ջին խմել ու նստել մեքենայի ղեկին:
Տիմոտի Ուիթրոուն վնասվածք էր ստացել իր տան բակում բենզասղոցով աշխատելիս: Ցավը բթացնելու համար տղամարդը ջին էր խմել, ապա կարել վերքը ու գնացել հիվանդանոց:
Ավտոտեսուչները կանգնեցրել էին նրան ու ստիպել հանձնել ալկոհոլային թեստ, որն էլ ցույց էր տվել, որ ալկոհոլի պարունակությունը նրա արյան մեջ եռակի գերազանցել է թույլատրելի նորման՝ հայտնում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ 2014-ի փետրվարին: Տղամարդը հավաստիացնում է, որ փորձել է կանչել շտապօգնություն, սակայն նրան տեղեկացրել են, որ առաջիկա 10 ժամերին բոլոր բրիգադները զբաղված են: Այդ ժամանակ ավստրալացին որոշել էր ինքնուրույն հասնել հիվանդանոց:
Հիվանդանոցի ճանապարհին Ուիթրոուն անտեսել էր նաև ճանապարհային նշանները, ինչի պատճառով էլ նրան կանգնեցրել էին:
Դատարանը վճռել է, որ տղամարդը մեղավոր է, քանի որ նա կարող էր տաքսի կանչել կամ օգնության համար դիմել հարևաններին:






































