Գլենդելի քաղաքային իշխանությունների դեմ ներկայացված խտրականության վերաբերյալ հայցը մերժվել է՝ ոստիկանության ծառայողի հետ իշխանությունների համաձայնության արդյունքում։ Այս մասին հայտնում է Glendale News Press-ը։
Ջոն Բալյանը մեկն էր 5 ամերիկահայ ոստիկաններից, ովքեր 2010 թվականին համատեղ հայց էին ներկայացրել՝ ընդդեմ քաղաքային իշխանությունների և Գլենդելի ոստիկանական վարչության՝ գանգատվելով խտրական վերաբերմունքից ու ոտնձգություններից։
Անցած ամիս քաղաքային իշխանությունները համաձայնել էին 7500 դոլար տրամադրել Բալյանի փաստաբանական ծախսերի համար և դեպոզիտ՝ հիվանդության հետևանքով աշխատանքից բացակայության 250 ժամերի և արձակուրդային 50 ժամերի համար։
Հայցում Բալյանը, Տիգրան Թոփաջիկյանը, Ռոբերտ Բարսեղյանը, Վահագն Մարդիկյանն ու Բենի Սիմոնզադը բողոքել էին հայ լինելու համար իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքից։
2013-ին դաշնային դատարանը մերժել էր Թոփաջիկյանի հայցն առ այն, թե նա խտրական վերաբերմունքի է արժանացել էթնիկ պատկանելության պատճառով։
Բարսեղյանի, Սիմոնզադի և Մարդիկյանի հետ անցած տարի քաղաքային իշխանությունները համաձայնության էին հասել։
Բարսեղյանն ու Սիմոնզադը փաստաբանական վճարների համար յուրաքանչյուրը 7500 դոլար են ստացել։ Մարդիկյանը մինչև այս տարվա վերջ կշարունակի ամսական 10.579 դոլար ստանալ, որից հետո թոշակի կանցնի։
Համաձայնության հասնելուց ամիսներ անց Մարդիկյանը ձերբակալվել է Լաս Վեգասում՝ մարմնավաճառությանը նպաստելու կասկածանքով։ Հանցանքը բացահայտել էր ծպտյալ ոստիկանը։ Գործի քննությունն ընթացք մեջ է։








































