Նոր զինադադարի հայտարարումը գրիվնան չի փրկել արժեզրկման շարունակվելուց, և դա նշանակում է, որ չնայած Ուկրաինային 17 մլրդ դոլար վարկ տրամադրելու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) խոստմանը՝ Ուկրիանայի տնտեսությանը դեֆոլտ է սպառնում: Այս մասին գրում է Le Figaro-ն:
Վերջին օրերին գրիվնայի արժույթը հասել է պատմական նվազագույն արժեքին: 1 տարում այն կորցրել է դոլարի հարաբերությամբ իր արժեքի 66%-ը. դրա 40%-ը բաժին է ընկնում վերջին ամիսներին: Միաժամանակ, փետրվարի 5-ից, երբ Ուկրաինայի Կնետրոնական բանկը ԱՄՀ-ի խնդրանքով դադարեց միջամտել արժույթի արժեքը պահպանելու նպատակով, դրա անկումը միայն արագացել է:
«Ամեն անգամ, երբ մենք մտածում ենք, որ այն (արժույքը) հասել է հատակին, իրավիճակը տնտեսությունում շարունակում է միայն վատանալ: Դա բացարձակ աղետ է»,- նշում է ֆրանսիական Coface ապահովագրական ընկերության տնտեսագետ Ժյուլյեն Մարսիլլին:
Նա նշում է, որ ազգային արժույթի էժանացումը հանգեցնում է ինչպես ինֆլյացիայի, այնպես էլ ներկրվող ապրանքների գնի աճին: Միաժամանակ, տնային տնտեսություններն ինֆլյացիայի համար կրկնակի են վճարում, քանի որ «նրանց մեծ մասը, ինչպեսև ձեռնարկությունները, օտարերկրյա արժույթով պարտքեր ունեն»:
«Ուկրաինայի իշխանությունները, ըստ էության, անկյունում են հայտնվել: Կենտրոնական բանկի արժութային պահուստները գրեթե վերջացել են. հունվարի դրությամբ դրանք կազմում էին 6 մլրդ դոլար: Այդ գումարը բավարար է մեկ ամսում ներկրման ծավալը փակելու համար, այն դեպքում, երբ անհրաժեշտ է փակել առնվազն 3 ամսինը»,- գրում է Le Figaro-ն:
Չնայած ԱՄՀ-ի խոստացած օգնությանը՝ Fitch միջազգային վարկանշային գործակալությունը նվազեցրել է Ուկրաինայի օտարերկրյա արժույթով վարկանիշը մինչև «СС»-ի՝ այդպիսով ընդգծելով այդ երկրում դեֆոլտի հավանականությունը:
«Մինչև ռազմական և տնտեսական իրավիճակը չկայունանա, հնարավոր չի լինի դրական հեռանկարներ բացահայտել երկրի տնտեսության համար, որը հիմա զրկվել է շրջաններից, որոնք բերում էին երկրի ՀՆԱ-ի 15-20%-ը»,- եզրափակում է Le Figaro-ն:











































