ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը կարողացել է լրտեսական ծրագրային ապահովումը թաքցնել կոշտ սկավառակների գոտիներում՝ պաշտպանված ջնջվելուց կամ ֆորմատի ենթարկվելուց: Խոսքը խոշոր արտադրողների սկավառակների մասին է, ինչը հատոկ ծառայություններին տեսականորեն թույլ է տալիս աննկատելիորեն ստանալ աշխարհում օգտագործվող շատ համակարգիչների տվյալներ: Այս մասին գրում է Reuters-ը:
Նոր լրտեսական ծրագրերը հայտնաբերել է ռուսական «Կասպերսկու լաբորատորիան»: Հակավիրուսների մշակողը պնդում է, որ կարողացել է բացահայտել աշխարհում 30 երկրների համակարգիչներ, որոնց տվյալները ստացվել են նման մեթոդով: Ըստ այդմ՝ այդ ցուցակում առաջին տեղում են Իրանը, ապա Ռուսաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Չինաստանը, Մալին, Սիրիան, Եմենը և Ալժիրը:
Լաբորատորիայում հստակեցրել են, որ լրտեսության թիրախում են եղել կառավարական և ռազմական հաստատությունները, հեռահաղորդակցական և էներգետիկ ընկերությունները, բանկերը, ատոմային հետազոտության կենտրոնները, ԶԼՄ-ները և իսլամական ակտիվիստները:









































