ԱՄՆ ոստիկանությունը մեքենայի ապահովագրման խարդախ սխեմա ստեղծելու մեղադրանքով ձերբակալել է Գլենդելի և Բըրբենքի բնակիչ հանդիսացող 8 հայերի: Նրանք ապահովագրողներից 82 հազար դոլար են շորթել՝ երկու միջադեպերի բեմադրմամբ: Այս մասին հայտնում է Burbank Leader-ը:
Դեռևս 2 տարի առաջ 45-ամյա Սուրեն Գրիգորյանը իր տան բակում կայանված Mercedes sedan մեքենայի նկատմամբ վանդալիզմի իրականացման հայց էր ներկայացրել ապահովագրողներին: Ոմն մեկը հայտնել էր քննիչներին, որ Գրիգորյանը դիտավորյալ է վնասել իր մեքենան և դրա դիմաց խարդախությամբ 20 հազար դոլար վերցրել:
Ավելի ուշ հետաքննությամբ պազվել էր, որ ևս 7 կասկածյալներ, որոնք հանդիսանում են Գրիգորյանի ընտանիքի անդամները և նրան մոտ մարդիկ, ներառված են եղել 2008 թվականին մեքենայի վթարի բեմադրման գործում՝ ապահովագրողներից շորթելով 62 հազար դոլար:
Գործին մասնակից են եղել 36-ամյա Աիդա Հակոբյանը, 62-ամյա Սեդա Մարգարյանը, 74-ամյա Մամիկոն Հակոբյանը, 49-ամյա Մասիս Գալստյանը, 42-ամյա Ռոզա Գալստյանը, 41-ամյա Ռոզա Իսայանը, 49-ամյա Սեթիկ Փաթաթանյանը:
Մեղադրանքների հաստատման դեպքում նրանց սպառնում է 5 տարվա ազատազրկում և 50 հազար դոլարի տուգանք:











































