Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայերը պատրաստվում են միասնական հայցով դիմել Թուրքիայի սահմանադրական դատարան: «Հաբերլեր» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է թուրք պատմաբան Ջեզմի Յուրթսևերը:
Յուրթսևերն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Հունաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իրենք ցանկանում են հետ ստանալ Սսի հայկական կաթողիկոսարանը, Ադանայում հայերին պատկանած հողակտորներն ու անշարժ գույքը:
Թուրք պատմաբանը համոզմունք է հայտնել, որ այս հարցով Արամ կաթողիկոսը դիմելու է Թուքիայի սահմանադրական դատարան: «Արամը Հունաստանում արած հայտարարության մեջ նշել է, որ իրավական ճանապարհով իրենց հայցերը դատարանում կարող են բավարարվել: Եթե թուրքական պետությունը մերժի անշարժ գույքի վերադարձման պահանջը, նրանք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- նշել է Յուրթսևերը:
«Սսի պատմական վանքն ու անշարժ գույքը, ինչպես նաև Կիլիկիայում իրենց պատկանած հողակտորները հետ ստանալու համար հայերը 2015 թվականին միջազգային հարթակում Թուրքիան որպես թիրախ են ընտրել: Արամ կաթողիկոսի և նրան աջակցող հայկական սփյուռքի հիմնական նպատակը Սսի կաթողիկոսարանը վերադարձնելն է»,- կարծիք է հայտնել թուրք մասնագետը՝ եզրակացնելով, որ հայերը չեն հրաժարվել իրենց պատմական իդեալներից:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի կողմից հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդում հրապարակված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում, մասնավորապես, ընդգծվում է իրավական պահանջների թղթածրարի ստեղծման կարևորությունը՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:









































