HSBC Suisse բանկն ակտիվորեն իր հաճախորդներին սխեմա է առաջարկել, որը թույլ է տալիս խուսափել նոր հարկից, որը ներմուծվել է Շվեյցարիայի և ԵՄ-ի համաձայնագրի շրջանակներում: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով HSBC-ի փաստաթղթերին:
Թերթը նշում է, որ առաջին անգամ հայտնի է դարձել, որ բանկի շվեյցարական ստորաբաժանումն իր հաճախորդների հարկային սխեմաներում եղել է ոչ թե «պասիվ կողմ», այլ, ավելի շուտ, այն ակտիվորեն առաջ է տարել «շուկայական մեխանիզմները», որոնք թույլ են տվել «սաբոտաժ անել» ԵՄ-ի և Շվեյցարիայի՝ Խնայողությունների եվրոպական դիրեկտիվի (ESD) հետ կապված հարկային գործարքը:
Այդ համաձայնագիրը ստորագրվել է 2003 թ.: Այն ԵՄ քաղաքացիներին հնարավորություն է տվել շարունակել միլիարդներ թաքցնել անանուն շվեյցարական հաշիվներում, ասվում է հոդվածում: Ի պատասխան՝ շվեյցարական բանկերը, այդ թվում՝ HSBC-ի ստորաբաժանումը, պարտավորվում էին որոշակի հարկեր հավաքել իրենց «գաղտնի» հաճախորդներից և այդ միջոցները փոխանցել Մեծ Բրիտանիային և ԵՄ անդամ այլ երկրների՝ որպես անանուն հարկ չվճարողների պատճառած կորուստների փոխհատուցում:
Սակայն HSBC-ում սխեմա են մշակել, որի շնորհիվ այդպիսի հարկ չվճարողները կարող էին խուսափել այդ հարկը վճարելուց, գրում է թերթը: Մեխանիզմի էությունն այն է եղել, որ ESD-ն վերաբերել է միայն ֆիզիկական անձանց խնայողություններին, ոչ թե ընկերությունների, և բանկի շվեյցարական ստորաբաժանումն առաջարկել է հաճախորդի «գաղտնի առձեռն» միջոցները փոխանցել հատուկ կորպորատիվ հաշվի, ասվում է հոդվածում:








































