Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 2013-ի փետրվարին կհայտարարի Թուրքիայի իշխանությունների դեմ մարտական գործողությունների դադարեցման մասին: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Պարբերականի տեղեկություններով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի պաշտոնատար անձանց և ցմահ ազատազրկման դատապարտված քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի միջև բանակցությունների արդյունքում:
Թերթը գրում է, որ համաձայն խաղաղության ծրագրի՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կհայտարարի մարտական գործողությունների ավարտի մասին փետրվարին՝ Օջալանի կողմից պաշտոնական կոչից հետո: Զինադադարի մասին պայմանավորվածության շրջանակում 100 գրոհայիններ վայր կդնեն զենքն ու կլքեն Թուրքիայի տարածքը:
13 տարի առաջ Թուրքիայի իշխանությունները Օջալանին դատապարտել են մահապատժի, սակայն ավելի ուշ այն փոխարինել ցմահ ազատազրկմամբ:











































