Վերջերս Ստամբուլի քաղաքապետարանի շինհրապարակներից մեկում գտել էին արքունի ճարտարապետներ Պալյան ընտանիքի կարկառուն ներկայացուցչի՝ Կարապետ Պալյանի գերեզմանաքարը։ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը հայտնում է, որ նույն վայրում հայտնաբերված մյուս գերեզմանաքարը պատկանել է Օսմանյան կայսրության նշանավոր հայ գերդաստանի ներկայացուցիչ, կայսերական վառոդապետ Սիմոն ամիրա Տատյանին։
Շիրմաքարերը հանձնվել են Թուրքիայի հնագիտության թանգարանին, որտեղ քարերը ուսումնասիրվելու են մասնագետների կողմից։ Պոլսո հայոց պատրիարքարանը աշխատանքներ է իրականացնում ինչպես Պալյանի և Տատյանի, այնպես էլ մյուս կորած գերեզմանաքարերը հայ համայնքին վերադարձնելու ուղղությամբ։
Հայտնի է, որ 1777 թվականին ծնված Սիմոն ամիրա Տատյանը հիմնադրել է Յեշիլքյոյի հայկական եկեղեցին, եղել է Օսմանյան կայսրության արքունի վառոդապետ։ Նա մահացել է 1832 թվականի մարտի 12-ին։
Տատյանների գերդաստանը Օսմանյան կայսրության հայտնի հայ ընտանիքներից մեկն է եղել։ Նրանք զբաղվել են արդյունաբերությամբ, գործարաններ ունեցել կայսրության տարբեր շրջաններում։ Տատյաններն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև երկրի քաղաքական կյանքում։










































