Հունաստանի ֆինանսների նոր նախարար Յանիս Վարուֆակիսը Գերմանիային կոչ է արել չնվաստացնել Հունաստանին պարտքերի պատճառով։
Իր գերմանացի գործընկերոջ հետ հանդիպման նախօրեին Վարուֆակիսը համեմատել է Հունաստանի խնդիրներն այն խնդիրների հետ, որոնք ունեցել է Գերմանիան երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած շրջանում։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիան բեռնված է եղել վիթխարի պարտքերով և հիպերսղաճի սպառնալիքով, ինչը զգալի վնաս է հասցրել երկրի տնտեսությանը։
Վարուֆակիսն այս շաբաթ եվրոպական ուղևորություն է կատարում՝ փորձելով աջակցություն գտնել պարտքի վերակառուցման Հունաստանի ծրագրի համար։
Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում Վարուֆակիսն ասել է, որ իր կարծիքով՝ Եվրոպայի բոլոր երկրներից հենց Գերմանիան է բոլորից լավ հասկանում իր ասածի իմաստը։
«Եթե դուք տևական ժամանակ նվաստացնում եք հպարտ ազգին և նրա մոտ տագնապ առաջացնում պարտքային դեֆլյացիայի պատճառով ճգնաժամի հնարավորության մասին՝ առանց թունելի վերջում լույսի, ապա իրավիճակը կարող է հասնել եռման կետի»,- ասել է հույն նախարարը։











































