Փարիզում իր աշխատանքներն է սկսել Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիայի և հեղափոխական ուժերի աջակցությանն ուղղված միջազգային համաժողովը, որտեղ ընդդիմադիրները հիմնականում պահանջել են ֆինանսական և ռազմական օգնություն:
Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Ժորժ Սաբրան հայտարարել է, որ իրենց առնվազն 500 մլն դոլար է հարկավոր, որպեսզի կարողանան գործունակ կառավարություն ձևավորել: Նա նաև նշել է, որ զենքի կարիք ունեն:
Սաբրան վստահեցրել է, որ արևմտյան տերությունների մտավախությունը, որը առաջացել է Լիբիայի օրինակից, երբ նրանց տրամադրված զենքը հայտնվել էր իսլամիստական խմբավորումների ձեռքում, անհիմն է:
Համաժողովը, որին մասնակցում են 50 պետությունների ներկայացուցիչներ, անցկացվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ: Արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ ֆորումի հիմնական նպատակը 2012 թ. դեկտեմբերի 12-ին Մարաքեշում «Սիրիայի բարեկամներ» խմբի 4-րդ նախարարական նստաշրջանի ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրականացումն է:
Նախօրեին Դամասկոսի արվարձաններից Դարաան հարձակման է ենթարկվել ծանր հրետանու և տանկերի կողմից: Ընդդիմության ներկայացուցիչների խոսքերով՝ Դարաայի բնակչության մեծ մասն իրենց տները լքել են դեռևս նոյեմբերին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2013 թ. Սիրիայում ավելի քան 4 մլն մարդ հումանիտար օգնության կարիք կունենա: Սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում արդեն հասել է կես միլիոնի:











































