Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Տիրահ հովտում, արդեն չորս օր շարունակ «Անսար Ալ-Իսլամ» և «Թեհրիկ-ի-թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորումների միջև տեղի ունեցող ընդհարումների հետևանքով 62 գրոհային է զոհվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Աֆղանստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Խայբեր շրջանում թշնամի խմբավորումների միջև կատաղի բախումները սկսվել էին անցած ուրբաթ, երբ «Թեհրիկ-ի-թալիբան Պակիստան» (10-15 հազար գրոհային) խմբավորման անդամները գրավել էին մյուս խմբավորման ճամբարներից մեկը:
Փոխհրաձգության ժամանակ երկու կողմերից կիրառվում են ավտոմատ զենքեր և նռնականետեր:
Տեղի բնակիչները խուճապահար լքում են իրենց տները, ուղևորվում ավելի անվտանգ շրջաններ: Հովիտն արդեն 500-ից ավելի ընտանիք է լքել:
Խմբավորումների միջև տարաձայնությունները վերաբերում են մասնավորապես ազդեցության գոտիներին: Ականատեսների վկայությամբ՝ Պակիստանի զինված ուժերը փորձում են չմիջամտել տեղի ունեցող իրադարձություններին:










































