«Անցած 20-25 տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ ընտրություններ և եկել եզրահանգման, որ մեր երկրում չեն ընթանում ընտրություններ: Մայիսի ընտրություններում ՀՀԿ-ն մեծամասնություն ունեցավ, այնինչ կա 35 տոկոս աղքատություն, որ գնալով աճում է: Ուրեմն արդար և մրցակցային չեն ընտրությունները»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Եթե մինչ այս Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ից պահանջում էր չեղյալ հայտարարել Սերժ Սարգսյանի գրանցումը, ապա այժմ հացադուլը դադարեցնելու մեկ այլ պայման է ներկայացնում` միջազգային դիտորդների վերադարձ իրենց երկրներ:
«Մենք տեսնում ենք, որ միջազգային դիտորդների առաքելությունը բերում է ընտրությունների կեղծմանը, և նրանք իրեն գործունեությամբ, տեսակետներով աջակցում են իշխանությանը: Դրա համար էլ ասում ենք` գնացեք: Մեր հասարակութունը պետք է գլխավոր գործոն հանդիսանա մաքուր և ազատ ընտրությունների և լինի վերահսկող, այլ ոչ թե՝ դիտորդները»,- ասել է Արմեն Գրիգորյանը:
Նա վստահեցրել է, որ Անդրիաս Ղուկասյանը թեկնածությունը չի հանի, իսկ հացադուլին կդիմանա մինչև փետրվարի 18-ը։







































