Google և Facebook ընկերությունները 2014-ի արդյունքներով ռեկորդային գումարներ են ծախսել ԱՄՆ իշխանության դաշնային մարմիններում իրենց շահերի լոբբինգի համար։ Այս մասին են վկայում տվյալները, որոնք հրապարակվել են սենատի Lobbying Disclosure Act Database բազայում։
Google-ը 2014-ին լոբբինգի վրա արված ծախսերի ռեկորդ է սահմանել։ Ընկերությունը ծախսել է 16.8 մլն դոլար՝ 1 մլն-ով ավելի նախորդ տարվա համեմատ։ Հարցերի շարքում, որոնցով կորպորացիան խթանել է իր շահերը, եղել են համացանցային գովազդի շուկայի կարգավորումը, տվյալների գաղտնիությունը, արտոնագրերը, աշխատանքային և միգրացիոն օրենսդրությունը, հարկային բարեփոխումը և անօդաչուների մշակման կարգավորումը։
Amazon-ը ծախսերը մեծացրել է 37 տոկոսով՝ հասցնելով 4.7 մլն դոլարի։ Apple-ը ծախսել է 4.1 մլն՝ 21 տոկոսով ավելի 2013-ի համեմատ։
Ծավալի ամենամեծ թռիչք է գրանցել Facebook-ը. ընկերությունը լոբբինգի ծախսերը մեծացրել է 45 տոկոսով՝ հասցնելով 9.3 մլն դոլարի։
Իսկ Microsoft-ը նվազեցրել է ծախսերը 20 տոկոսով՝ հասցնելով 8.3 մլն դոլարի։







































