Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի և Ֆրանսիայի ուղղաթիռները հրթիռակոծել են Կոտ դ’Իվուարի նախագահի պաշտոնը լքել չցանկացող, վերջին ընտրություններում պարտություն կրած Լորան Գբագբոյի նստավայրը տնտեսական մայրաքաղաք Աբիջանում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Հրթիռակոծման են ենթարկվել նաև երկու զինանոցներ, որոնք գտնվում են Աբիջանի մատույցներում: Այդ գործողություններով միջազգային ուժերը նպատակ են ունեցել շարքից հանել Գբագբոյի ձեռքի տակ գտնվող զենքն ու զինամթերքը:
Միաժամանակ Ֆրանսիան շարունակում է ավելացնել իր զորքերն աֆրիկյան այդ երկրում՝ Ֆրանսիայի քաղաքացիներին պաշտպանելու համար: Հայտնի է, որ աֆրիկյան այդ երկրում կա Ֆրանսիայի ավելի քան 12,000 քաղաքացի: Զինվորների վերջին ստորաբաժանումի ժամանելուց հետո ֆրանսիական զորքերի թիվը հասել է 1650-ի: Նրանք հիմա վերահսկում են Աբիջանի մայրաքաղաքը:
Նույն Reuters գործակալությունը հաղորդում է, որ ընտրված նախագահ, ընդդիմության առաջնորդ Ալասանա Ուատտարայի կողմնակիցները գրավել են Աբիջանում նախագահական նստավայրը, սակայն հայտնի չէ՝ Գբագբոն այնտե՞ղ է եղել, թե՞ ոչ: Նրա գտնվելու վայրը վերջին օրերին անհայտ է:
Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին Կոտ դ’Իվուարում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որից հետո երկու թեկնածուներն էլ հայտարարեցին իրենց հաղթանակի մասին: Միջազգային կազմակերպությունները, շատ երկրներ` Աֆրիկայում և Արևմուտքում, լեգիտիմ ընտրված նախագահ ճանաչեցին ընդդիմադիր Ուատտարային, սակայն Գբագբոն հրաժարվեց թողնել իր պաշտոնը, իսկ երկիրը թևակոխեց անկայունության երկարատև փուլ: