Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող S7 ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում վեճ է ծագել ուղևորների միջև:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ականատեսներին, այն ժամանակ, երբ ինքնաթիռը պատրաստվել է վայրէջքի, սրահի հետնամասում վեճ է սկսվել: Ուղևորներից մեկը, արձակելով անվտանգության գոտին, բարձրացել է և հարվածել մեկ այլ ուղևորի դեմքին:
Բորտուղեկցորդուհիներն առաջարկել են բոլորին հանգստանալ և զբաղեցնել իրենց տեղերը, սակայն ապարդյուն: Այնուհետև կոնֆլիկտ հրահրած ուղևորը սկսել է վիճել իրեն նկատողություն անողների հետ:
Վայրէջքից առաջ ուղևորին տարել են բիզնես-կարգի սրահ, որտեղ ոչ մեկ չի եղել, և ուժով պահել այնքան ժամանակ, մինչև որ վայրէջքից հետո ինքնաթիռ են բարձրացել իրավապահ մարմինները և ձերբակալել նրան:
Նշվում է, որ վեճի ընթացքում ուղևորները բորտուղեկցորդուհիներին խնդրել են էլեկտրաշոկ կիրառել, սակայն նրանք հրաժարվել են:







































