Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ, հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման խորհուրդը (TABDC) ծրագրում է երկրների գործարարների համար ստեղծել խորհրդատվական ծառայությունների խորհուրդ.
«Բիզնեսի ոլորտը մշատպես լեփ-լեցուն է եղել խարդախություններով: Գոյություն ունեն մի շարք մեխանիզմներ` դրանց դեմն առնելու համար: Սակայն այդ խարդախությունները մնում են անպատիժ, եթե խոսքը գնում է Թուրքիայի ու Հայաստանի մասին, որոնց միջև գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ և 1993 թվականից սկսած` փակ է հայ-թուրքական սահմանը:
Թուրքիայի քաղաքացի հայազգի գործարար Մաժակ Օհանյան Չաքըրը հայտարարել է, որ ինքը մոտ 10 տարի գործունեություն է ծավալում Հայաստանում և լավատեղյակ է բիզնեսի ոլորտում երկու երկրների ուժեղ և թույլ կողմերի մասին:
TABDC համանախագահ, Թուրքիայում Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության (UMBEA) թուրքական ներկայացուցիչ Նոյան Սոյաքը հայտարարել է, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են բիզնես գործունեություն ծավալել Թուրքիայում և ընդհակառակը: Մենք պատրաստվում ենք օգնել այդ մարդկանց` երկու երկներում ի հայտ եկած խնդիրների հարթման գործում: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:
Թուրքիայի ու Հայաստանի միջև գործարար կապերը հիմնականում հաստատվում են առանց պայմանագրերի կնքման: Սակայն որոշ դեպքերում անգամ դրանց առկայությունը չի փրկում իրավիճակը, քանի որ ծագած խնդիրները կարող են քննվել կա´մ Թուրքիայի, կա´մ էլ Հայաստանի դատարաններում:
Բայց քանի որ երկու երկրների միջև գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, ուստիև նրանք չեն ընդունում միմյանց դատարանների կայացրած վճիռները:
Միջազգային իրավունքի փորձագետ Սիլվիա Տիրյակին առաջարկում է TABDC շրջանակներում ստեղծել միջազգային արբիտրաժային դատարան, ուր և իրենց լուծումը կստանան վիճելի խնդիրները: Դրանում կարող են ընդգրկվել երկու երկրների հեղինակավոր անձինք կամ էլ առևտրի պալատի ներկայացուցիչները»:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելը բեռնատարներից խլում է 14 ժամ` Կարսի նահանգից Վրաստանի միջով Գյումրի հասնելու համար: Եվ դա այն դեպքում, երբ Կարսը գտնվում է Գյումրիից ընդամենը 20-30 կիլոմետր հեռավորության վրա:
Հարկ է ընդգծել, որ թուրքական կողմը հայ-թուրքական սահմանի փակման վերաբերյալ շարունակ ընդգծում է, որ իրենք նմանատիպ քայլի են գնացել միայն հայկական զորքերի կողմից «բուն ադրբեջանական» տարածքի` Քարվաճառի (Քելբաջար) գրավումից հետո:









































