Անկարան ԴԱԻՇ (Սիրիայի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպությունից նավթ չի գնում և պայքարում է մաքսանենգ նավթամթերքների դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որն այժմ այցով գտնվում է Իրանում:
«Տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան իբր նավթ է գնում Իսլամական պետությունից, ինչպես նաև նպաստում է թուրք-սիրիական սահմանով ԻՊ գրոհայինների տեղափոխմանը, սուտ են. դա փորձ է սևացնել մեր երկիրը: Մենք նավթ ներմուծում ենք Իրաքյան Քրդստանից, իսկ նրա անօրինական մատակարարումները կանխում ենք: Տարվա սկզբից մենք կանգնեցրել ենք սահմանով 80 մլն լիտր վառելիքի մաքսանենգություն»,- ասել է Չավուշօղլուն Թեհրանում տված մամուլի ասուլիսում:









































