Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ վրացական ԶԼՄ-ները սխալ են մեկնաբանել Լիտվայում ունեցած իր ելույթը: Ինչպես հաղորդում է News.ge-ն, նախարարը նշել է, որ իր խոսքերը չեն վերաբերել Լեռնային Ղարաբաղին:
«Ես ընդհանրապես չեմ հիշատակել Լեռնային Ղարաբաղը: Ինձ համար անհասկանալի է, թե վրացական մեդիայում ինչու տեղի ունեցավ այս իրարանցումը: Ավելի անհասկանալի է՝ ինչու լրագրողները չստուգեցին, թե ինչ էր իրականում ասվել: Բացի այդ, անհասկանալի է՝ ինչու քաղաքական գործիչները չստուգեցին դա»,- ասել է Փանջիկիձեն:
Փանջիկիձեն նշել է, որ վրացական մեդիան ամեն ինչ արել է՝ վարչապետի Հայաստան այցից առաջ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններում սառնություն առաջացնելու համար:
«Դա մեծ կամ փոքր նախագծի մի մասն է»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Փանջիկիձեն, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, հայտարարել է, թե հակամարտությունը կարելի է կարգավորել միայն «հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության»:










































