ԵՄ հարցերով թուրք նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ բանակցություններում քաղաքական խոչընդոտների վերացման դեպքում Թուրքիան տեխնիկապես պատրաստ է 12 ամսում քննարկել 10 գլուխ և 18 ամսում` 15 գլուխ: Շվեդիա կատարած այցի շրջանակում Բաղըշը Ստոկհոլմի համալսարանում ելույթ է ունեցել «Թուրքիա-ԵՄ ապագա հարաբերություններ» թեմայով զեկույցով: Այս մասին հայտնում է TRT-ն:
Նա նշել է, որ ԵՄ-ն իր պատմության լրջագույն ճգնաժամերից մեկում է, և որ այդ ճգնաժամն ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կողմ: Բաղըշը հղում է արել որոշ փորձագետների, որոնք ճգնաժամի առաջացման պատճառը համարում են այն, որ եվրոպացիները չեն վստահում եվրոպական ինտեգրման նախագծին:
«Նոր անդամ երկրները, որոնք ցուցաբերում են աճի բարձր ցուցանիշներ, կարող են նպաստել, որ ԵՄ-ն գլոբալ համակարգում ավելի կարևոր տեղ զբաղեցնի: Թուրքիան կարող է զգալիորեն փոխել Եվրոպայի ճակատագիրը»,- հայտարարել է Բաղըշը: Նա նաև նշել է, որ Թուրքիան կարևոր խաղացող է տարածաշրջանում և աշխարհում, ինչի մասին թույլ են տալիս խոսել աճող «փափուկ» ուժն ու երկրի ամուր տնտեսությունը: Նախարարը նշել է, որ Թուրքիայի տնտեսությունը Եվրոպայի ամենաարագ զարգացող տնտեսությունն է: «Թուրքիան կարող է իր վրա վերցնել եվրոգոտու ճգնաժամի կարգավորման ծախսերի մի մասը»,- հայտարարել է նախարարը:
Բաղըշը նշել է, որ Թուրքիան կարող է դրականորեն ազդել ԵՄ-ի արտաքին և անվտանգության քաղաքականության վրա: «Թուրքիան տարածքում նոր քաղաքական կենտրոն է: Թուրքիայի պատմական կապերը բալկանյան, կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանների հետ կարող են իրենց ներդրումն ունենալ կարևոր և հակամարտող տարածաշրջանների հետ ԵՄ-ի հարաբերություններում»:











































