Այսօր Աֆղանստանում կրկին հարձակում է եղել օտարերկրյա կազմակերպությունների, այս դեպքում` ՆԱՏՕ-ի զինվորականների վրա: Երկու գրոհայիններ հրաձիգով և գնդացիրներով հարձակվել են մայրաքաղաք Քաբուլում ՆԱՏՕ-ի գրասենյակի վրա: Երկուսն էլ սպանվել են պատասխան կրակով: Միջազգային ուժերն այս անգամ զոհեր չեն տվել, ՆԱՏՕ-ի երեք զինվորական ստացել է վնասվածք: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մինչդեռ երեկ Աֆղանստանի հյուսիսային Մազարի-Շարիֆ քաղաքում տեղի է ունեցել հարձակում ՄԱԿ-ի գրասենյակի վրա, որի հետևանքով 8 մարդ է զոհվել, այլ տվյալներով` մինչև 20, 12-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Հայտնի է, որ զոհվածների մեջ են Նեպալի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ռումինիայի քաղաքացիներ, որոնցից երկուսին գլխատել են:
ՄԱԿ-ում երեկ երեկոյան արտահերթ նիստ է գումարվել, որտեղ քննարկվել է հարձակումը ՄԱԿ-ի ներկայացուցիչների վրա: «Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են բռնությունը և դրդումը դրան: Նրանք կոչ են արել Աֆղանստանի կառավարությանը պատասխանատվության կանչել մեղավորներին և անվտանգությանն աջակցող միջազգային ուժերի հետ համատեղ ձեռք առնել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի պաշտպանեն ՄԱԿ-ի անձնակազմին և նրա ունեցվածքը», ասված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեկ հրապարակած հայտարարության մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Sky News-ի հաղորդմամբ, աֆղանական ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ ձերբակալել է հնարավոր մեղավորներին և կազմակերպիչներին: Հայտնի է, որ հարձակումը տեղի է ունեցել նախօրեին, երբ ուրբաթօրյա աղոթքից հետո Մազարի Շարիֆի բնակիչները բողոքի ակցիայի էին դուրս եկել մարտի 20-ին Ֆլորիդայի քրիստոնյա հոգևորականներից մեկի կողմից Ղուրանը այրելու դեմ: Հոգևորական Թերի Ջոնսը երեկ հայտարարել է, որ իրեն պատասխանատու չի զգում Աֆղանստանում ՄԱԿ-ի աշխատակիցների սպանության համար: