Հունվարի 31-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, տեղի կունենա մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2013-2015 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որը կսկսվի Երևանի ժամանակով 12:00-ին: Այդ մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է ՀՖՖ մամլո ծառայությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Նիոնում կներկայացնի ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը: Վիճակահանության արդյունքում ՈՒԵՖԱ-ի անդամ 52 երկրների հավաքականները կբաժանվեն 10 խմբերի:
Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն ընդգրկված է երրորդ զամբյուղում: Ավելացնենք, որ եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Չեխիայում, իսկ մրցաշարն ընդունելու թեկնածու-քաղաքներն են Պրագան, Օլոմոուցը և Ուհերսկե Հրադիցեն:






































