ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ԿԸՀ նախագահին, որպես ընտրությունների իրավաչափությունը վերահսկող մարմնի ղեկավարի, կոչ է անում նպաստել նրան, որ հրապարակվեն Հայաստանից հեռացածների թվային տվյալները՝ Հայաստանի քաղաքացիությունն ընդունած, սակայն ՀՀ-ից բացակայող, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձանց տվյալները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն ասաց, որ այդպիսի տվյալների բազա գոյություն չունի: Նա հիշեցրեց, որ նման առաջարկով էր հանդես եկել նաև ՀՅԴ-ն, որին պատասխել էին, որ այդպիսի տվյալների չեն տիրապետում: Ըստ նրա՝ նման ռեգիստր գոյություն չունի:
«Դա հատուկ աշխատանք է, ծրագրային լուծումներ է պետք տանել մի քանի գերատեսչությունների միջոցով, որպեսզի նման տեսական հնարավորությունը դառնա պրակտիկա: Մարդիկ կոչ են անում, որ սահմանային մուտքն ու ելքը վերահսկելի դարձնենք: Ես պարզապես ապշում եմ: Նման բան կարող է լինել միայն այն դեպքում, երբ օրենքը թույլատրի, այսինքն, իբրև ընդհանուր համազգային շահի դրսևորում, օրենսդիրը նման լուծում տա: Քանի դեռ նման օրենսդրական լուծումներ չկան, նման գործողությունների, նման հարցերի մասին խոսելը վաղաժամ է։ Սրանք օրենսդրական լուծում պահանջող հարցեր են, որից հետո կարելի է քննարկել տեխնիկական հարցերը»,- ասաց Հովհաննես Քոչարյանը՝ հավելելով, որ եթե օրենսդիրը նման որոշում կայացնի երբևէ, և ծրագրային հնարավորություններ ստեղծվեն, Անձնագրային և վիզաների վարչությունը, որը կատարող, գործադիր մարմին է, կանի այդպես: Բայց, նրա խոսքերով, քանի դեռ չկա օրենսդրի նման որոշում, տեսական, երևակայական հարցերի շուրջ մեկնաբանություններ չարժե անել:
Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիտարկմանը, թե ՀՀ ընտրողների 35 %-ը Հայաստանում չէ՝ Հովհաննես Քոչարյանը դժվարացավ որևէ բան ասել. «Չգիտեմ, թե ինչ տրամաբանությամբ են այդ տվյալները ներկայացվել, և ով է հաշվել, ինչ վերլուծություն է՝ լո՞ւրջ է, թե՞ անլուրջ: Ես, իբրև ռեգիստր վարող լիազոր մարմին, նման տվյալի չեմ տիրապետում»:











































